«Անհատական առումով այս ամիսների ընթացքում ամենաբարդը թիմին ադապտացվելն ու ակումբի հզորությունը գիտակցելն էր»,-նշել է Կոենտրաուն պորտուգալական “Record”-ին տված հարցազրույցում:
Այս օրերին Ֆաբիո Կոենտրաուն իր հայրենի քաղաքում վայելում է տոնական արձակուրդները: Նա հարցազրույց է տվել պարտուգալական “Record”-ին՝ խոսելով «Ռեալում» իր առաջին ամիսների մասին և այդ շրջանը որակելով որպես դրական: Հետո անդրադարձել է անհատական մակարդակում հասած ձեռքբերումներին. «Անհատական առումով այս ամիսների ընթացքում ամենաբարդը թիմին ադապտացվելն ու ակումբի հզորությունը գիտակցելն էր»: Պորտուգալացի ֆուտբոլիստը խոսեց նաև մրցաշրջանի երկրորդ մասում իր ներկայիս թիմի հնարավորությունների մասին. «Մենք ունենք անհրաժեշտ որակները ՉԼ-ի գավաթը նվաճելու համար»: Խոսելով «Ռեալի» մարզաշապիկով հանդես գալու մասին՝ Կոենտրաուն խոստովանեց. «Միշտ փորձում եմ լավագույնը ցուցաադրել խաղադաշտում, ջանք չեմ խնայում, որ գոհացնեմ մարզչին ու երկրպագուներին: Չգիտեմ՝ հասել եմ դրան, թե ոչ, բայց վստահեցնում եմ, որ արել եմ հնարավոր ամեն բան լավ հանդես գալու համար»:
«Ռեալի» 15 համարը լավատես է, ու նշում է, որ նոր թիմում անցկացրած իր առաջին ամիսները դրական ստացվեցին, չնայած, բնականաբար, կարող էին և ավելի լավ անցնել: Խոսքը գնում է վնասվածքների մասին. «Շատ վնասվածքներ ունեցա, ինչը խանգարեց ինձ հասնել լավագույն արդյունքի: Այնուամենայնիվ, կարողացա հարմարվել թիմին ու գիտակցել, թե ինչ հզոր ակումբում եմ հանդես գալիս: «Ռեալը» ավելին է, քան սովորական թիմ: Միայն այստեղ հայտնվելուց հետո է հնարավոր գիտակցել դա»: Կոենտրաուն կարծում է, որ դեռ չի ցուցադրել իր ողջ ներուժը. «Ընդունակ եմ ավելիին: Երբ ֆիզիկական խնդիրներ են ծագում, հնարավոր չէ 100%-անոց արդյունք ցույց տալ: Բախտը չժպտաց ինձ, երեքից չորս վնասվածք ստացա, որոնք հաղթահարելը այդքան էլ հեշտ չէր: Շարունակելու եմ աշխատել իմ մակարդակին հասնելու համար»:
Պորտուգալացին խոսել է նաև Ժոզե Մոուրինյոյի մասին. «Նա մեծն անձնավորություն է, բոլորիս վստահություն է ներշնչում: Ոչ մեկին չի անտեսում, փորձում է օգնել տարբեր հարցերով: Ցանկացած ֆուտբոլիստի համար շատ կարևոր է գլխավոր մարզչի վստահությունը: Նախկինում երբեք չէի խաղացել որպես պաշտպանական ոճի կիսապաշտպան, բայց նա վստահեց ինձ այդ դիրքը, քանի որ կարող էի արդյունավետ կատարել հանձնարարությունը: Եվ սա միակ նոր դիրքը չէ, որ փորձարկեցի «Ռեալում»: Անում են հնարավոր ամեն բան մարզչի վստահությունը արդարացնելու ու երկրպագուներին գոհացնելու համար»:
«Ռեալը» հիանալի արդյունքներով է ավարտում ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսը՝ առաջատարի դիրքում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում, ՉԼ-ի խմբային փուլում ևս զբաղեցրեց առաջին տեղը, իսկ Արքայական գավաթի խաղարկությունում հասավ 1\8 եզրափակիչ: «Մենք ընդամենը մեր աշխատանքն ենք կատարում և ուզում ենք հասնել բոլոր նպատակներին: Բնականաբար, «Ռեալի» պես ակումբը ձգտում է հաղթել բոլոր մրցաշարերում: Լա լիգան բացառություն չէ: Փորձելու ենք ամեն կերպ պահպանել առաջատարի դիրքերը»: Կոենտրաուի կարծիքով իր թիմը գնալով աճում է. «Արժանի ենք առաջին տեղում լինել, քանի որ լավ խաղ էինք ցուցադրում մրցաշրջանի մեկնարկից սկսած»:
Ինչ վերաբերում է տիտղոսներին, Կոենտրաուն նշում է. «Ուզում եմ հաղթել Լա լիգան ու ՉԼ-ն: Դա իմ երազանքն է: «Ռեալը» ունի այն որակները, որ անհրաժեշտ են այս երկու կարևոր մրցաշարերը հաղթելու համար: Մենք՝ ֆուտբոլիստներս, պայքարելու ենք ցանկացած տիտղոսի համար, քանի որ «Ռեալի» պես ակումբը խաղում է միայն հաղթելու համար: Նույնիսկ եթե այս տարի հաջողվի հաղթել Լա լիգայում ու ՉԼ-ում, մյուս տարի նույն ձգտումով ենք մոտենալու այս մրցաշարերին: Նպատակը հեշտ հասանելի չէ, բայց անկասկած, ունենք հաղթելու բոլոր նախադրյալները»: Վերջում պորտուգալացին հույս է հայտնել, որ գալիք տարին նոր վնասվածքներ չի բերի իրեն ու հնարավորություն կտա ցուցադրել իր լավագույն խաղը, իսկ թիմային առումով ցանկանում է, որ հաղթեն բոլոր մրցաշարերում:
Realmadrid.com
Realmadrid.am
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: