2011/11/03

Մոուրինիո.«Հիմա պետք է պայքարենք առաջին տեղով դուրս գալու համար»

«Մենք լուրջ ու միասնական խաղ ցուցադրեցինք, ինչի արդյունքում հաղթեցինք շատ ուժեղ մի մրցակցի, որն ամեն ինչ արեց խաղը փրկելու համար»:


«Ռեալը» շարունակում է ՉԼ-ի իր հաղթարշավը՝ չորս խաղում չորս հաղթանակ ցուցանիշով: Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Լիոնի» հետ հանդիպումից հետո վերլուծեց իր թիմի հաղթանակն ու խոսեց իրենց հետագա ծրագրերի մասին. «Մենք բազում վտանգավոր պահեր ունեցանք, սակայն դրանցից միայն երկուսը կարողացանք արդյունավետ ավարտել: Թիմը չէր դադարում գրոհել, և արդյունքում ամեն ինչ լավ ավարտվեց մեզ համար: Մենք լուրջ ու միասնական խաղ ցուցադրեցինք, ինչի արդյունքում հաղթեցինք շատ ուժեղ մի մրցակցի, որն ամեն ինչ արեց խաղը փրկելու համար: Այս հաղթանակը կարևոր էր, քանի որ ուզում ենք պայքարել խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար»:


«Ռեալը» շատ հաջող է սկսել մրցաշրջանը, գնալով ավելի լավ տպավորություն է թողնում, և Մոուրինյոն ընդգծեց այն ամենը, ինչին հասել է թիմը այս մրցաշրջանում. «Մենք կարևոր հաջողությունների ենք հասնում, բայց ուզում եմ, որ նման հաջողությունները սովորական բնույթ կրեն մեզ համար ու չզարմացնեն ոչ մեկին: Ուզում եմ, որ այսպիսի հաղթանակները սովորական դառնան մեզ համար, խմբում առաջին տեղ զբաղեցնելը նույնպես սովորական պարտավորություն լինի, որ ՉԼ-ում միշտ գլխավոր ֆավորիտների թվում լինենք: Կարողացանք հաղթել ֆուտբոլային պատմության ամենահայտնի թիմերից մեկին, բայց նման հաղթանակները չպետք է արտասովոր թվան, այլ միմիայն բնական ու տրամաբանական»:


Կազմի դասավորության մեջ նկատվող փոփոխությունների մասին Մոուրինյոն նշեց. «Կենտրոնն ավելի կարևոր ու որոշիչ դիրք է, քան եզրայինը, բայց  նման կարևորություն ունեցող խաղերում ճիշտ չէ մեկին տեղավորել անմիջապես կենտրոնում: Որոշեցի տարածություն տալ կենտրոնի ֆուտբոլիստներին, իսկ Ալբիոլին խաղացնել պաշտպանության եզրում: Սա ավելի արդյունավետ ու կայուն մարտավարություն եմ համարում: Լասին ճանաչում եմ այն ժամանակներից, երբ ընդամենը 18 տարեկան էր, ու լավ գիտեմ, որ կարող է հաջող հանդես գալ ինչպես աջ եզրում, այնպես էլ ձախ: Նա արդարացրեց իմ սպասելիքներն ու լավ հանդիպում անցկացրեց: Պեպեն ու Ռամոսը հիանալի են գործում պաշտպանության կենտրոնում: Դեռ կմտածեմ` արժե նրանց ավելի շատ տարածություն տալ, թե ոչ: Իհարկե դա կախված է նաև վնասվածքների առկայությունից ու այլ հանգամանքներից»:


Վերջերս թիմում վնասվածքներն ավելի հաճախակի բնույթ են ստանում, ինչի հետևանքով փոփոխվում է նաև թիմի հիմնական կազմը: Այնուամենայնիվ, Մոուրինյոն չի անհանգստանում, քանի որ այլընտրանքային տարբերակներ ունի, որոնք կարող են անհրաժեշտ որակ ապահովել խաղադաշտում: «Ամենայն հավանականությամբ Մարսելոն ու Կոենտրաոն չեն խաղա կիրակի օրը, բայց պետք չէ ողբալ այն ֆուտբոլիստների համար, ովքեր ժամանակավորպես ընդունակ չեն խաղալ: Երևի հիմնական կազմում կլինի Արբելոան, իսկ եթե ոչ, այլ տարբերակ կփնտրեմ: Պահեստային նստարանը շատ երկար չէ, բայց բոլոր ֆուտբոլիստներն էլ լավն են: Երբ թիմում տիրում է միասնական ոգին, միահամուռ պայքարելու տենչը, այդ թիմի մոտ ամեն ինչ լավ կլինի: Հիմա կարող եմ վստահ ասել միայն, որ «Օսասունայի» դեմ խաղին չեն մասնակցի Կական ու Մարսելոն»:


Վերջում Մոուրինյոն գովեց մրցավարական անձնակազմի աշխատանքը: Մասնավորպես, Ռիցոլիի մասին նշեց. «Նա լավ մրցավար է, լավագույններից մեկը ՉԼ-ում: Ինչպես նա, այնպես էլ օգնականները լավ վերահսկեցին խաղն ու ճիշտ որոշումներ կայացրին: Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ նրանց աշխատանքը»,- ավարտել է պորտուգալացի մարզիչը:
http://realmadrid.am/
http://realmadrid.com/
Դիտվել է

0 մեկնաբանություն:

Post a Comment

Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք:

Տարածել

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Վերև