Ահա եւ պատմություն դարձավ 2010-11թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որն արդարացրեց բոլորի սպասելիքները:
Ակնկալված գեղեցիկ ներկայացումն իսկապես ստացվեց, որը մեզ պարգեւեցին 2 մեծագույն ակումբներ` "Բարսելոնան" եւ "Մանչեսթեր Յունայթեդը":
Միլիոնավոր ֆուտբոլասերներին հաճելի լարվածության մեջ պահած այս դիմակայությունն, ի վերջո, ավարտվեց ներկա դրությամբ աշխարհի ամենագեղեցիկ ֆուտբոլը ցուցադրող կատալոնական "Բարսելոնայի" հաղթանակով` 3-1 հաշվով, որն իր պատմության մեջ 4-րդ անգամ տիրացավ Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթին:
Կարծում ենք բոլոր ֆուտբոլասերների համար հետաքրքիր կլինի տեղեկանալ, որ մինչեւ այսօրվա եզրափակիչ խաղը, "Բարսելոնայի" արգենտինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Լիոնել Մեսսիին չէր հաջողվել գոլի հեղինակ դառնալ Անգլիայում, որտեղ Մեսսին 8 պաշտոնական հանդիպում էր անցկացրել:
Այսօրվա խաղում գրավելով "Մանչեսթեր Յունայթեդի" դարպասը, Լիոնել Մեսսին Անգլիային "ընդգրկեց" աշխարհի այն 20 երկրների շարքում, որոնց տարածքներում ֆանտաստիկ այս ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ:
Հետաքրքիր եւս մեկ փաստ` կապված "Բարսելոնայի" հետ. հանդիպման 27-րդ րոպեին գրավելով անգլիական ակումբի դարպասը, "Բարսելոնայի" հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը դարձավ եվրագավաթների շրջանակներում կատալոնական ակումբի խփած 900-րդ գոլի հեղինակը: Ի դեպ, արժե նշել նաեւ, որ Պեդրոյի խփած գնդակը նաեւ ընթացիկ մրցաշրջանում "Բարսելոնայի" խփած 150-րդ գնդակն էր:
Լիոնել Մեսսիի խփած գնդակը նրա համար դարձավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերի շրջանակներում խփած 18-րդ գոլը եւ արգենտինացի "այլմոլորակայինն" այդ ցուցանիշով հավասարվեց ուկրաինացի Անդրեյ Շեւչենկոյին եւ իսպանացի Ռաուլին
"Մանչեսթեր Յունայթեդի" հոլանդացի դարպասապահ Էդվին վան դեր Սարը դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերին մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը. ներկա պահին փորձառու դարպասապահը 40 տարեկան եւ 211 օրական է:
Ավելի վաղ այս առումով լավագույն ցուցանիշը պատկանում էր լեգենդար իտալացի Պաոլո Մալդինիին, ով 2006-07թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ 38 տարեկան եւ 331 օրական էր:
"Մանչեսթեր Յունայթեդի" հարձակվող Ուեյն Ռունին` այսօրվա խաղում գրավելով "Բարսելոնայի" դարպասը, Չեմպիոնների լիգայում խփած գնդակների քանակով հավասարվեց իր ակումբակից Պոլ Սքոուլզին. իրենց խփած 24-ական գնդակներով, Ռունին եւ Սքոուլզը հանդիսանում են Չեմպիոնների լիգայի շրջանակներում լավագույն անգլիացի ռմբարկուները:
Վերջում հավելենք նաեւ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լիոնել Մեսսին` իր խփած 12 գնդակներով, դարձավ Չեմպիոնների լիգայի 2010-11թթ. խաղարկության լավագույն ռմբարկուն:
"ԲԱՐՍԵԼՈՆԱ" - "ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ" ` 3-1
1-0 - Պեդրո Ռոդրիգես (27'), 1-1 - Ուեյն Ռունի (34'), 2-1 - Լիոնել Մեսսի (54'), 3-1 - Դավիդ Վիլյա (69'):
Դիտվել է
0 մեկնաբանություն:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: