«Ընդմիջումից հետո խփած երրորդ գոլը որոշիչ դարձավ, դրանից հետո ավելի վտանգավոր էինք գործում, ազատ տարածություններ ստանում»,-նշեց «Ռեալի» երկրորդ մարզիչը:
«Գրանադայի» դեմ խաղից հետո Աիտոր Կարանկան խոսեց լրագրողների հետ: «Ռեալի» երկրորդ մարզիչը գոհ էր իր թիմի տարած հաղթանակից, ինչի շնորհիվ կարողացան պահպանել առաջատարի դիրքերը մրցաշարային աղյուսակում: «Ընդմիջումից հետո խփած երրորդ գոլը որոշիչ դարձավ, դրանից հետո ավելի վտանգավոր էինք գործում, ազատ տարածություններ ստանում: Սա էր մրցակցի հիմնական խնդիրը: Իգուաինն ու Բենզեման նորից ապացուցեցին, որ կարող են միասին խաղալ»:
Ամանորյա արձակուրդներից հետո «Ռեալը» լավագույն կերպով վերսկսեց Լա լիգան՝ սեփական հարկի տակ 5-1 խոշոր հաշվով հաղթելով «Գրանադային» և պահպանելով առաջատարի դիրքերը: Հետխաղյա մամլո ասուլիսին ներկայացավ Աիտոր Կարանկան: Պատճառը, ինչպես բացատրեց վերջինս, Մոուրինյոյի ընտանեկան խնդիրն է: «Նա ստիպված եղավ գնալ ընտանեկան մի խնդրի պատճառով: Պատահում է, որ նախապես որոշված է լինում իմ ներկայանալը, բայց այս անգամ չկանխատեսված փոխարինում էր»: Կարանկան խոսեց «Գրանադայի» խաղի մասին. «Գիտեինք, որ սկզբում կենտրոնանալու էին պաշտպանության վրա, փակվելու էին սեփական կիսադաշտում: Առաջին խաղակեսում կարգավորված խաղ էին ցուցադրում, ինչի պատճառով դժվարություններ ծագեցին մեզ համար: «Գրանադան» լավ թիմ է: Նրանց մարտավարությունը լավ պաշտպանվելն ու հակագրոհելն է»:
Այն հարցին, թե ինչու էին Բենզեման և Իգուաինը միասին մեկնարկային կազմում, թիմի երկրորդ մարզիչը պատասխանեց. «Բազմիցս նշել եմ, որ այդքան էլ բնական չէ խաղադաշտում նրանց կողք կողքի տեսնելը, բայց կարևորն այն է, որ կարողանում են խաղալ միասին: Անցած անգամ երկրորդ խաղակեսից դա ապացուցեցին, իսկ այսօր հանդիպման մեկնարկից: Երբ թիմը աշխատում է, վազում, հավասարակշռված խաղ է ցուցադրում, առջևում նրանց հնարավորությունները մեծանում են: Նրանք կրկին ապացուցեցին, որ լավ են խաղում միասին»: Բենզեման վնասվածքի պատճառով ստիպված եղավ փոխարինվել երկու գնդակ հեղինակելուց հետո. «Նախնական տվյալներով վնասվածքը լուրջ չէ: Ավելի շատ ռիսկի չդիմելու համար փոխարինվեց»:
Բացի երկու հարձակվողներից, Կարանակն խոսեց նաև այլ ֆուտբոլիստների մասին. «Ռոնալդուի պես փորձառու պրոֆեսիոնալը կարող է բարկանալ, երբ մի բան չի ստացվում խաղադաշտում: Բոլորս էլ գիտենք գոլ խփելու, թիմին օգնելու Ռոնալդուի ձգտումը, և այսօրվա գոլից հետո կատարած նրա ժեստը այդ ձգտումն էր արտահայտում»: Կարանկան պարզաբանեց Արբելոայի բացակայության պատճառը. «Խոսեցի նրա հետ, և պարզվեց, որ այդքան էլ լավ չի զգում իրեն: Ավելի լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստներ ունենք, իսկ խաղադաշտում պետք է լինեն ամենապատրաստ խաղացողները»:
«Ռեալի» երկրորդ մարզիչը ընդգծեց «Մալագայի» և «Գրանադայի» հետ խաղերի ընդմիջումներին ունեցած խոսակցությունների տարբերությունները. «Հանդերձարանի քննարկումները միշտ տարբեր են, փոխվում են ամեն հանդիպման հետ միասին: Արքայական գավաթն ու Լա լիգան միանգամայն տարբեր մրցաշարեր են: Ընդմիջումները նախատեսված են հենց խոսելու, սխալնեը հասկանալու ու ուղղելու համար»: Վերջում Կարանկան գովեց մրցակցի երկրպագուներին, որ ժամանել էին մայրաքաղաք իրենց թիմի կողքին լինելու համար. «Պետք է օրինակ ծառայեն բոլորի համար՝ հասել էին Մադրիդ, խոշոր հաշվով պարտվելիս անգամ շարունակում էին ոգևորել իրենց թիմին: Գովելի է»:
Realmadrid.com
Realmadrid.am
Realmadrid.com
Realmadrid.am
No comments:
Post a Comment
Հարգելի այցելուներ, բլոգի մեկնաբանությունների որակը բարձրացնելու և սպամ տարածելը կանխելու համար ձեր կողմից գրված մեկնաբանությունները տեղադրվելու են իմ կողմից դրանք վերանայելուց հետո: Եթե հնարավոր է գրեք հայերեն տառերով և ներկայացեք: